FIP.am կայքում հրապարակված հոդվածի առնչությամբ, որը վերաբերում էր «Ռոսսիա մոլ»-ի շինարարությանը, հայտնում ենք, որ առկա է մեղմ ասած սխալ տեղեկություններ և մի շարք անհամապատասխանություններ:
Վերը նշվածի առնչությամբ տեղեկացնում ենք.
Առաջին և ամենակարևոր փաստն այն է, որ ոչ մի հողազավթում տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել աշխատանքների իրականացման 3 փուլ: Շինարարությունը կատարվել է այն հողի վրա, որի մի մասը եղել է «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող սեփականություն, մի մասը կառուցապատման իրավունքով տրամադրված է եղել «Նարեկ» ՍՊԸ-ին, իսկ մյուս մասը տրված է եղել երկարամյա վարձակալության հիմունքներով:
Շինարարությունը սկսելուց առաջ, ստացվել է Գետառի հունի տեղափոխման թույլտվություն, նշված թույլտվության հիման վրա իրականացվել է «Նարեկ ՍՊԸ»-ի սեփականություն հանդիսացող շինությունների ապամոնտաժում, Գետառի հունի բացում՝ հողային աշխատանքներ, այնուհետև կատարվել է Գետառի հունի այդ մասից տեղափոխման, ինչպես նաև հին հունի մաքրման աշխատանքներ:
Պետք է հատուկ արձանագրենք, որ այդ տարածքը 99 տարով վարձակալության է տրված եղել «Նարեկ ՍՊԸ»-ին, և դրա վրա եղած բոլոր շինությունները եղել են ՍՊԸ-ի սեփականությունը: Մեր ընկերությունը 560 միլիոն դրամ գումար է ծախսել, որպեսզի տեղափոխի Գետառի հունը և փրկի Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանը՝ փլուզումից: Կատարվել է լայնածավալ ինժեներական աշխատանք: Մեր կողմից կատարված աշխատանքներից հետո միայն այդ տարածքը դարձել է հանրային սեփականություն, իսկ մինչ այդ ոչ ոքի սեփականությունը չի եղել, քանի որ գոյություն ունի 60 հոդված: Գետառը եղել է 5 մետր խորության վրա: Քաղաքային նոր իշխանությունները մեզ ստիպել են, որ 560 միլիոն դրամ գումար ծախսելուց հետո վճարենք ևս 450 միլիոն դրամ, որպեսզի այդ տարածքը դառնա ընկերության սեփականությունը: Այս ամենը տեղի է ունեցել քաղաքային իշխանության փոփոխության հետ:
Քաղաքային նոր իշխանությունները հաշվի չառնելով այն, որ մենք արդեն 560 միլիոն դրամ ենք ծախսել լայնածավալ աշխատանքներ կատարելու համար, հաշվի չառնելով որ այդ տարածքը 99 տարով պատկանում էր մեզ , ստիպել են, որպեսզի և 450 միլիոն դրամ գումար վճարենք: Այս ամենին զուգահեռ, 7 ամիս շարունակ ձգձգել են շինարարությունը՝ հաշվի չառնելով, որ տասնյակ աշխատողներ մատնվում են պարապուրդի, հաշվի չառնելով, որ ընկերությունը ներգրավել է վարկային միջոցներ և ամեն օր կրում է վնասներ: Հիմա հարց է առաջանում, այդքան քաշքշուկից հետո, մեզանից ի՞նչ են ուզում:
Բոլորն էլ հիշում են, թե ինչ վիճակում էր գտնվում Զորավար Անդրանիկ Մետրոյի կայարանը նախկինում, և ինչ վիճակում է հիմա: Շատերն են հիշում, թե ինչ անմխիթար տարածք էր այնտեղ մինչև մեր կողմից իրականացված աշխատանքները և ինչպիսի պատկեր է հիմա: Այսպիսով, կատարվել է հետևյալը.
1.Գետառի հունի տեղափոխում, հողային աշխատանքներ
2. Մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանի պատերի հիմնանորոգում և վերականգնում,
3. Վերջում՝ Մոլի շենքի կառուցում:
Փուլ առ փուլ թույլտվությունները եղել են ստացված, և իրականացվել են այդ թույլտվությունների հիման վրա: Քաղաքային նախկին իշխանությունները մեզ ասել էին որ ամեն ինչ օրինական է, և կարող եք կատարել շինարարությունը, եղել են բոլոր թույտվությունները, վճարումները, որոնք մեր ընկերությունն իրականացրել է: Բոլոր փաստաթղթերը եղել են քաղաքապետարանում, սակայն քաղաքային իշխանությունների փոփոխությունից հետո թելադրել են նոր խաղի կանոներ և ստիպել են որպեսզի իրականացնենք նոր վճարումներ:
Այս պահին ընթացող բոլոր շինարարություններն ունեն համապատասխան թույտվություններ, որոնց հիման վրա էլ կատարվում են աշխատանքներ:
Նշենք նաև, որ մեր ձեռքի տակ առկա են բոլոր փաստաթղթերը և ասվածի մասին բոլոր ապացույցները: Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել առկա փաստերը:
Որպես հետգրություն, ուզում ենք հատուկ ընդգծել, որ FIP.am կայքը, խախտելով լրագրության բոլոր կանոնները, առանց երկրորդ կողմին լսելու, կոնտեքստից կտրել է իրականությունը և որպես փաստ ներկայացրել հանրությանը: Մենք գործում ենք բացառապես ՀՀ օրենսդրութմաբ, չենք խախտում որևէ օրենք, ստեղծում ենք աշխատատեղեր, և նմանատիպ հրապարակումները ստվեր են գցում մեր հեղինակության վրա: Լրագրության բոլոր գրված և չգրված օրենքներով, լրատվամիջոցը պարտավոր էր հրապարակել նաև մեր դիրքորոշումը և մեր այն փաստերը որոնք ներկայացրեցինք:
Հարգանքներով՝ «Նարեկ» ՍՊԸ